Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված ընտրական գործընթացների շրջանակներում ոստիկանության անձնագրային բաժանմունքում ընտրական ցուցակների հրապարակման օրվանից թեժ գիծ է բացվել, որով ստացվում են ահազանգեր՝ կապված անճշտությունների հետ։ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի խոսքով, սակայն, մինչ օրս ընտրացուցակների վերաբերյալ որևէ կոպիտ խախտման վերաբերյալ ահազանգ չեն ստացել։
Բիչախչյանից հետաքրքրվեցինք՝ ահազանգերից բացի, ոստիկանությունը որևէ կոնկրետ գործողություն ձեռնարկո՞ւմ է՝ բացառելու հնարավոր թերությունները, մահացած կամ տևական ժամանակ Հայաստանում չբնակվող անձանց տվյալները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ։
Անձնագրային և վիզաների վարչության պետը չբացառեց, որ այսօրվա ընտրական ցուցակներում կան մարդիկ, ովքեր տևական ժամանակ Հայաստանում չեն բնակվում։
Ինչ վերաբերում է նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորությանը և ընդդիմության հնչեցրած մտահոգություններին, թե այդ հնարավորությունը հանգեցնելու է բազմակի քվեարկության, Բիչախչյանն ասաց, որ դա բացառված է։ Հայաստանում կան 218 նույն անձնական տվյալներով անձինք, սակայն բոլորն էլ ունեն տարբեր գրանցման հասցե, և բացառված է, որ կրկնվող տվյալներով անձինք կարողանան մի քանի անգամ քվեարկել։
«Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը, ով նախորդ մի քանի համապետական ընտրություններին դիտարկումներ է կատարել տեղամասերում, պնդում է՝ ընտրախախտումների մեխանիզմները բազմաթիվ են, իսկ նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն ընձեռելը մեծացնում է այդ խախտումների շրջանակը։
Դիտորդական կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում վերահսկողություն սահմանելու միակ տարբերակը ընդդիմության վստահված անձինք են։ Հենց նրանք պետք է ամենայն ուշադրությամբ հետևեն, որպեսզի խախտումներ տեղի չունենան։










































