Թուրքական Haber Turk թերթի փոխանցմամբ, թուրք իրավապահները բացահայտել են ապրիլի 12-ին Ստամբուլում իրականացված աղմկահարույց գողության դեպքը: Դրա ժամանակ 40 կիլոգրամ ոսկի փոխադրող զրահապատ մեքենայից անհետացել էր նրա բեռի ուղիղ կեսը` 20 կիլոգրամ ոսկի, որը գնահատվում է 1.4 միլիոն թուրքական լիրա (ավելի քան 930.000 ամերիկյան դոլար):
Նշվում է, որ գողությունը կազմակերպել են ծնունդով Լիբանանից, Բրազիլիայի քաղաքացի Լաիթ ալ-Սաիղը և Վենեսուելայի քաղաքացի Ժուան Ջեյմս Բարակոմենտեն։ Բուն գործողությանը մասնակցել են նաև Անջել Բադիլո Գոմեսը և Ալեքսիս Վոլկան Մոլինան։
Ապա հանցագործներն այդ ոսկին հանձնել են Իտալիայի քաղաքացի, հայազգի Գևորգ Պլոժյանին և լքել Ստամբուլը: Գևորգն իր հերթին գողոնը հանձնել է պոլսահայ ոսկերիչ Աբրահամ Օհանյանին և լքել Թուրքիան: Սակայն թուրք իրավապահները ձերբակալել են հայ ոսկերչին, ինչպես նաև նրա արհեստանոցում աշխատող մի շարք հայ աշխատողների:
Այժմ թուրք իրավապահներն աշխատանքներ են տանում Ինտերպոլի օգնությամբ հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:









































