Հայտնի ավտոմոբիլային հեռուստածրագրի՝ Top Gear-ի նախկին հաղորդավար Ջերեմի Կլարկսոնին կարող է սպառնալ մինչև 3 տարվա ազատազրկում: Արգենտինայում դատարանը սկսել է հետաքննությունը հաղորդման նկարահանումների ընթացքում ավտոմեքենաների կեղծ համարանիշների օգտագործման գործով: Այս մասին հաղորդում է Daily Telegraph-ը:
Բանն այն է, որ անցյալ տարի Կլարկսոնի թիմը հերթական նկարահանումների ժամանակ Արգենտինայում փորձարկել է Porsche ավտոմեքենան՝ H982 FKL համարանիշով: Տառերի և թվերի տվյալ համադրությունը զայրացրել է երկրի իշխանություններին և բնակչությանը, քանի որ դա անմիջական հղում էր Ֆոլքլենդյան պատերազմի դեպքերին՝ զինված հակամարտություն, որը տարածքային վեճերի պատճառով 1982-ին ծավալվել էր Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև: Այդ ժամանակ զինված դիմակայության ընթացքում Արգենտինան պարտվել է՝ կորցնելով ավելի քան 600 մարդու և վերահսկողությունը Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ:









































