Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է 18 երկիր, որոնք կընդգրկվեն Մարդու իրավունքների հարցերով խորհրդի (ՄԻԽ) կազմում 3 տարի ժամանակով՝ սկսած հունվարի 1-ից: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ձայների անհրաժեշտ մեծամասնություն են հավաքել Բելգիան, Բուրունդին, Վենեսուելան, Գերմանիան, Վրաստանը, Քենիան, Սլովենիան, Ղրղըզստանը, Կոտ Դ՝Իվուարը, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Պանաման, Կորեայի Հանրապետությունը, Սլովենիան, Տոգոն, Ֆիլիպինները, Շվեյցարիան, Էկվադորը և Եթովպիան:
Քվեարկության է դրվել ևս 15 պետություն, սակայն նրանք չեն հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ: Մասնավորապես, Ղազախստանը, Չինաստանը և Շվեդիան ստացել են մեկական ձայն: Վենեսուելան, Գերմանիան, Քենիան, Կոտ դ’Իվուարը, ԱՄԷ-ն, Կորեայի Հանրապետությունը և Եթովպիան խորհրդի գործող անդամներ են և հավակնում են նոր ժամկետի:
ՄԻԽ-ը ստեղծվել է 2006 թվականին՝ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հիման վրա: Խորհրդի կազմում մտնում են 47 երկիր: 13 տեղ հատկացված է Աֆրիկյան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, 8 տեղ՝ լատինաամերիկյան և կարիբյան պետություններին, արևմտաեվրոպական երկրներին՝ 7 տեղ, իսկ արևելաեվրոպական երկրներին՝ 6 տեղ:









































