Բրիտանական ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որի մասնակիցները տոնել են Մարգարետ Թետչերի մահը: Զգացմունքների նման դրսևորմանը վերջ դնելու նպատակով իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել: Այս մասին հայտնում է RBK-ն:
Անկարգությունները տեղի են ունեցել Բրիքսթոն շրջանում: Տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոցներ և սկսել բացահայտ կերպով տոնել «երկաթե լեդիի» մահը: Նրանք իրենց ձեռքում պահել են վիրավորական բովանդակությամբ ցուցապաստառներ, որոնցից մեկի վրա գրված էր. «Մարգարետ Թետչերը մահացավ, ուռա˜»:
Ոստիկաններին տեսնելուն պես՝ ցուցարարները սկսել են նրանց ուղղությամբ նետել տարբեր իրեր, սակայն հաջողվել է իրադրությունն արագ վերահսկողության տակ առնել:
Նման իրադարձություններ են տեղի ունեցել նաև Գլազգոյում, որտեղ շուրջ 300 մարդ կենտրոնական հրապարակներից մեկում աղմկալի տոնախմբություն է կազմակերպել: Նրանք շամպայններ են բացել և օդապարիկներ արձակել:
«Նա անսիրտ կին էր, որը կոտրել է մեր սրտերը»,-հայտարարել է հանքափորների տեղի արհմիության գլխավոր քարտուղար Դևիդ Հոփերը:
Նշենք, որ նույնիսկ խորհրդարանի անդամների թվում են գտնվել մարդիկ, որոնց նախկին վարչապետի մահվան լուրն ուրախացրել է: «Թետչերը Նելսոն Մանդելային ահաբեկիչ էր անվանում: Ես անձամբ եմ դա տեսել: Թո´ղ նա այրվի դժոխքում»,- իր միկրոբլոգում գրել է Բրեդֆորից խորհրդարանի պատգամավոր Ջորջ Գելոուեյը:









































