Երդման արարողությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը քայլերթով շրջում է Երևանի կենտրոնական փողոցներով:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Բաղրամյան պողոտան հայ ժողովրդին է պատկանում, Բաղրամյան 26-ի շենքն էլ պատկանում է հայ ժողովրդին, բայց իրենք չեն գրոհելու Բաղրամյան պողոտան, քանի որ գրոհը իշխանությունների գործելաոճն է:
Նա նաև նշեց, որ երեկ ոստիկանության տարածած հայտարարությանը ստահոդ էր, դրանով հեգնեցին ժողովրդին, փոխանակ ընդունելու, որ ժողովուրդը հաղթել է.
«Իրենք ժողովրդին սպառնում են, մեր խաղաղ սահմանադրական պայքարը նսեմացնում, իրենք ներողություն պետք է խնդրեն, արդեն հայ ժողովուրդը հաղթել է, էլ Րաֆֆի պետք չէ, այս հաղթանակը կապ չունի Րաֆֆու հետ, սա ժողովրդի հաղթանակն է, և բոլոր դռերը պետք է բացվեն, և այնտեղ ուտող-խմողները պետք է դուրս գան»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են բախումը բացառելու համար:
Երթին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, որոնք պարբերաբար գոռում են «Սեր-ժիկ հեռացիր, Րաֆ-ֆի նախագահ»:
Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը ծաղիկներ դրեց մարտի մեկի զոհերի հիշատակին: նա խոնարհվեց և ասաց.«Այլևս երբեք»:
Նա ասաց, որ սա մեկ ժամվա պայքար չէ, սա մեկ ժամվա գործ չէ, սա մեր հայրենիքն է, մեր պետությունը, մեր քաղաքացին, և ով մեկ ժամվա համար է եկել, լավ է տուն գնա, միանա կեղծ իշխանություններին:
Նա նաև ասաց, որ իշխանությունների փարթին չեն խանգարելու, չեն գրոհելու Բաղրամյան 26-ը.« Եթե Սերժ Սարգսյանն ինձնից չէր վախենում, ինքը ինձ պետք է հրավիրեր, ես իրեն հրավիրեցի», ասաց նա՝ հավելելով, որ վախեցան հայ ժողովրդի մեծամսնության ձայնից:







































