Պրովիդենսում՝ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաքում երկնաքերը, որը հայտնի է որպես «Սուպերմենի աշտարակ», զրկվել է վարձակալից:
«Մոտ ապագայում դատարկվող ու չլուսավորվող 130 մետրանոց շենքը վեր կխոյանա քաղաքում՝ որպես ազգային տնտեսության ճգնաժամի ստվեր»,– գրում է Associated Press-ը:
1927-ից, երբ ավարտվել էր «Էմփայր սթեյթ բիլդինգ Ռոդ Այլենդի» շինարարությունը, երկնաքերը որպես կենտրոնակայան էր ծառայում ամերիկյան բանկերի համար: Կիրակի օրը Bank of America-ն, որը վարձակալել էր ամբողջ շինությունը, իսկ վերջին շրջանում օգտագործում էր տարածքի ընդամենը 20 %-ը, հայտարարել է, որ տեղափոխվելու է այլ տարածք:
Աշտարակը զբաղեցնելու այլ ցանկացողներ այս պահին չկան:
Ռոդ Այլենդն ԱՄՆ նահանգների թվում գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող նահանգն է:
Շենքը «Սուպերմենի աշտարակ» են անվանում, քանի որ նման է այն շինությանը, որտեղ գտնվել է Daily Planet թերթի խմբագրությունը, որի աշխատակիցն էր «համեստ թղթակից Քլարք Քենթը»:







































