Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հինգշաբթի Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է միջազգային հարթակում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) աճող հեղինակությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամլո ծառայությանը:
«Այսօր ԵՏՄ-ն ընդլայնվում է՝ ձեռք բերելով հարգանք և հեղինակություն միջազգային հարթակում: Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է Նազարբաևը:
Նա նշել է, որ տնտեսական խնդիրների մեղմացման համար պետք է օգտագործել ԵՏՄ-ի ստեղծման առավելությունները:
«Փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների ընթացիկ անկումը բացատրելի է: Կիմանանք, որ դա ժամանակավոր երևույթ է՝ պայմանավորված համաշխարհային զարգացման փուլայնությամբ և մեր էներգակիրների, արտահանման արտադրանքի գների անկմամբ»,- ասել է Նազարբաևը:
Հանդիպման ընթացքում Նազարբաևը նաև խոսել է Ղազախստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: «Ղազախստանը եղել է, մնում է և կլինի Ռուսաստանի Դաշնության ամենամոտ և հուսալի հարևանն ու դաշնակիցը: Դա համապատասխանում է ղազախ ժողովրդի արմատական շահերին»,- նշել է Նազարբաևը:
Իր հերթին, Պուտինը Ղազախստանը համարել է Ռուսաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը:









































