Մինչ Երևանը պատրաստվում է ընտրել քաղաքի նոր ավագանի, կարելի է արձանագրել, որ ՀՀԿ մեծամասնությամբ ու ԲՀԿ փոքրաթիվ խմբակցությունից կազմված ներկա ավագանին չիրականացրեց իր առաքելությունը:
Այն կատարեց քաղաքապետի ու նրա տեղակալների որոշումները վավերացնողի դեր. քաղաքապետն իր տեղակալների հետ ինչ ուզեց արեց, ավագանիները կողմ քվեարկեցին որոշումներին: Քաղաքի խնդիրների համար պայքարող ավագանի չեղավ այս ընթացքում, որ իրականում դեմ գնար քաղաքապետարանի որոշումներին:
«Մինչև քվեարկությունները հարցերը երեքից չորս անգամ քննարկվում են, դա կլինի հանձնաժողովներում, դա կլինի ֆրակցիաներում, հետո նոր դրվում են ավագանու նիստին: Իսկ ինչ վերաբերում է, թե ավագանիները տեղյակ չեն, դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ չափի թվերի մասին է խոսքը, բոլորը հո՞ չեն կարողանալու հիշել: Ես կարծում եմ, որ ավագանին այսօր կայացած է, ու դա Երևան քաղաքի համար սկիզբ է, որը պետք է զարգացնել»,- մեր դիտարկման հետ չհամաձայնեց ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը:
Փաստ է սակայն, որ ավագանիներն այսօր ընդամենը կողմ են քվեարկում քաղաքապետի ու նրա տեղակալների որոշումներին: Քաղաքի իրական խնդիրներն այդպես էլ չեն բարձրացվում: «Գիտեք ինչ կա, ավագանին ունի իր կոնկրետ լիազորությունները, իր ֆունկցիաները, որի շրջանակներում էլ այդ ամեն ինչը կատարվում է: Ինչ որ չի վերաբերում քաղաքի ավագանուն, բնականաբար ավագանին դա չի քննարկում»,- հակադարձեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Մեր դիտարկմանը, թե տպավորությունն այն է, որ քաղաքում որ պաշտոնյան, ինչ ուզում անում է, և թե Տարոն Մարգարյանը, թե ավագանին չեն բռնում նրա ձեռքը: «Ինչի՞, ինչ-որ մեկը վատ բան ա արե՞լ, որ պետք է իրա ձեռքը բռնել»,- տարակուսեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Մեր հարցին` արդյոք քաղաքի բյուջեն ճի՞շտ է օգտագործվում, Սերգեյ Մկրտչյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ միանշանակ, այո, որովհետև վերջին երկու-երեք տարիների ընթացքում թե մանկապարտեզների վրա է երևում այդ ծախսերը, թե դպրոցների վրա, թե խաղահրապարակների, թե քաղաքի բարեկարգման, կանաչապատման, ասֆալտապատման աշխատանքների»: Մեր դիտարկմանը, որ օրինակ՝ 210 մլն հատկացվել է անհայտ ՀԿ-ների, 220 մլն դրամ հատկացվել է թափառող շների դեմ պայքարին, արդյոք այդքան գումար պիտի հատկացվե՞ր շների դեմ պայքարին, կամ գործուղումներին 300 մլն դրամից ավելի գումար է հատկացվել, և այդ գումարները հիմնավո՞ր են, արդյոք նման կերպ չե՞ն փոշիացնում երևանցիների վճարումները, ՀՀԿ-ական ավագանին պատասխանեց. «Ես թվերից տեղյակ չեմ: Կարծում եմ` Երևանը պետք է այլ քաղաքների հետ շփում ունենա: Եթե մենք ամբողջովին կղզիանանք ու միայնակ ապրենք, ո՞նց եք պատկերացնում, հնարավո՞ր է դա արդյոք: Գործուղումներ կարող է լինեն, հազար ու մի հարցեր կարող է լինեն: Ինձ թվում է` նորմալ ա: Ես մի բան կարող եմ ասել, որ քաղաքապետը և ավագանին ոչ մի կոպեկ ավել գումար չեն ծախսի: Ինչ վերաբերում է քաղաքի ծախսերին, քաղաքի բյուջեին, իր ֆունկցիաներն ամբողջությամբ կատարում է, ու ինձ թվում է՝ պատշաճ է կատարում: Երևանի արտաքին տեսքին նայելով, ինձ թվում է, բնակիչների համար դա արդեն պարզ էլ է դառնում: Իսկ թե ՀԿ-ներին ինչքան գումար է տրամադրվել, երևի ըստ անհրաժեշտության, ըստ օրենքի հատկացումների են դրանք»:
Սերգեյ Մկրտչյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ նոր ցուցակը և սերնդափոխությունը, և` իր կարծիքով, ՀՀԿ ցուցակ մտած պաշտոնյաների երեխաները ի՞նչ պիտի անեն քաղաքի համար: «Ես չգիտեմ՝ դուք ում ի նկատի ունեք, բայց յուրաքանչյուր պաշտոնյայի երեխա էլ երևանցի է, ինչ տարբերություն»: Մեր դիտարկմանը, թե եթե պաշտոնյայի երեխա են` դա բավակա՞ն է, որ քաղաքի խնդիրներով զբաղվեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Գուցե իրանք ավելի խելոք, ավելի բանիմաց լինեն, չեմ (իմա` քան) մնացածը: Իսկ ո՞վ ա ասել, որ պաշտոնյայի երեխան ոչ մի բանի մասին տեղյակ չի կամ ոչ մի բան չգիտի: Չեմ կարծում, երևի ձեր գնահատականները մի քիչ ավելի սուբյեկտիվ են այս պահին: Կապրենք, կտեսնենք»:
Հետաքրքրվեցինք նաև, թե քաղաքապետարանում ինչպիսին են եղել ԲՀԿ խմբակցության հետ հարաբերությունները: «Աշխատանքային, շատ նորմալ»: Այսօր ԲՀԿ-ն մեղադրանքներ է ներկայացնում, որ ՀՀԿ-ն քաղաքի համար իրականում ոչինչ չի արել: «Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները նման կատեգորիկ արտահայտություններ անեն: Եղել են կոնստրուկտիվ, նորմալ աշխատանքային հարաբերություններ»,- այդ առթիվ պնդեց ՀՀԿ ավագանին: Հարցին` եղե՞լ են որոշումներ, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, պատասխանեց. «Դե, իհարկե, եղած կլինի, ոնց կարող է եղած չլինի: ՀՀԿ-ականներն էլ են որոշ հարցերի դեմ քվեարկում, ԲՀԿ-ականներն էլ: Աշխատանքի պրոցես է: Խոսքը նիստերի մասին չի, հանձնաժողովների մասին եմ ասում: Քվեարկությունները մեզ մոտ եղել են հանձնաժողովներում, եթե հանձնաժողովում դեմ է քվեարկում մի հարցի, հարցը բնականաբար հանվում է օրակարգից»:
ԲՀԿ-ականներն այսօր հայտարարում են, որ ՀՀԿ-ն, որպես մեծամասնություն, միանձնյա որոշումներ է կայացրել քաղաքի հետ կապված, և ԲՀԿ-ն չի կարողացել մասնակցել որոշումների կայացմանը. «Մենք ընտրական պրոցեսների մեջ ենք, բոլորն էլ կարող են ինչ-որ մի բան ասել: Մայիսի 6-ին ամեն ինչն էլ կանցնի»,- վստահ է Սերգեյ Մկրտչյանը:
ՀՀԿ-ն պատրա՞ստ է պարտվել և քաղաքի ղեկավարումը հանձնել այլ կուսակցության՝ հարցին ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց. «Ոչ մեկն էլ պարտվելու պատրաստ չի»:








































