Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը և միգրացիոն իշխանությունների աշխատակիցները ազատել են 114 օտարերկրյա ներգաղթյալների, այդ թվում՝ տասնյակ երեխաների, որոնց հանցագործները բետնատարով տեղափոխել են ԱՄՆ սահմանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն
Իշխանությունների տվյալներով՝ բեռնատարը բռնագրավվել է Կոաուիլա նահանգի Սալտիլյո քաղաքի շրջանում: Մարդիկ ավելի քան 48 ժամ առանց սննդի կծկված են եղել բեռնատարում: Նրանց մեջ եղել են Գվատեմալայի, Սալվադորի, Հոնդուրասի և նույնիսկ Նեպալի բնակիչներ: Նրանցից շատերը տառապել են ջրազրկումից:
Կենտրոնական Ամերիկայի երկրներից անօրինական ներգաղթյալներին մինչև ԱՄՆ սահման տեղափոխումը տարածված է Մեքսիկայում: Յուրաքանչյուր ցանկացողից տեղի դիլերները վերցնում են մի քանի հազար դոլար, սակայն ճանապարհի համար ոչ մի հարմարություն չեն ստեղծում և չեն երաշխավորում ԱՄՆ սահմանի հատումը:









































