ԵՄ-ն ժամանակավորապես չեղարկում է Բելառուսի հանդեպ իր կողմից սահմանված պատժամիջոցները, ներառյալ նաև անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ սահմանվածները: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը, որն էլ իր հերթին հիմնվում է ԵՄ-ում ունեցած սեփական աղբյուրների վրա:
Նշվում է, որ ԵՄ ԱԳ նախարարներն արդեն հոկտեմբերի 12-ին կարող են որոշում կայացնել երեքշաբաթյա բարդ բանակցություններից հետո: Նմանօրինակ որոշման համար դրական կերպով ազդող հանգամանք է եղել ընթացիկ տարվա օգոստոսին 6 քաղբանտարկյալների ազատ արձակումն ու համաներումը և Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Մինսկի ցուցաբերած պատրաստակամությունն ու նպաստը: Միաժամանակ, սանկցիաների ժամանակավորապես սառեցումը կախված է անձամբ Լուկաշենկոյի՝ առաջիկա նախագահական ընտրություններում ունենալիք վարքագծից: Ինչպես նկատել է եվրոպացի անանուն դիվանագետը, որը տեղեկությունը փոխանցել Reuters-ին, դերակատարություն ունեցել է նաև այն, որ Մինսկը չի համաձայնել իր տարածքում ռուսական ավիաբազայի ստեղծման նախագծին՝ առաջարկված Մոսկվայի կողմից:







































