Ամերիկյան Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ Reuters գործակալության նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել Anonymous հաքերային խմբի հետ դավադրության մեջ մտնելու համար։ Նա ցանցահեններին է հանձնել ընկերության ծառայողական օգտահաշիվները, որպեսզի այդկերպ վրեժխնդիր լինի հեռացման համար։
Նման որոշում է կայացրել Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի դաշնային դատարանը։ Հետաքննության տվյալներով՝ 28-ամյա Մեթյու Կիսը, որը 2010 թվականին աշխատել է The Tribune Company մեդիակորպորացիային, որին պատկանում է Los Angeles Times թերթը և որտեղից հեռացվել է հետագայում, ցանցահեններին հանձնել է ընկերության ծառայողական օգտահաշիվներն ու գաղտնաբառերը։
Դատախազությունը հայտարարել է, որ Կիսն առաջնորդվել է վրեժխնդիր լինելու զգացումով՝ իր պաշտոնանկության համար։ Ընկերության տվյալները ստանալուց հետո ցանցահենները կոտրել են Los Angeles Times թերթի ինտերնետային կայքը՝ փոփոխություններ կատարելով հրապարակված լրատվական հոդվածներում։ Կիսի վերջնական դատավճիռը հրապարակվելու է հաջորդ տարվա հունվարին։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։









































