Apple-ը 5 մլրդ դոլար կծախսի Կուպերտինոյում (Կալիֆոռնիա նահանգ) նոր կենտրոնակայանի շինարարության վրա, թեև ընկերությունը պատրաստ էր ծախսել միայն 3 մլրդ դոլար՝ հաղորդել է Bloomberg Businessweek ամսագիրը:
Պարբերականը մեջբերում է փորձագետ Փիթեր Բարոուզի խոսքերը, որի կարծիքով՝ հաշվարկներում կատարված փոփոխությունը կապված է շինության ներքին հարդարանքի հետ:
Բարոուզը նկատում է, որ շենքի դիզայնում և ինտերիերում կյանքի կկոչվեն կորպորացիայի հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսի շատ գաղափարներ: Մասնավորապես, ճարտարապետական կոնցեպցիան պետք է հիշեցնի «հենց նոր վայրէջք կատարած տիեզերանավ»:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, շինության շուրջը և բաց հարթակներում կկառուցվի հսկայական այգի՝ ավելի քան 300 տեսակի ծառերով:
Արտադրող ընկերությունը անգամ ստիպված է եղել ստեղծել նոր մեքենաներ՝ անսովոր պատուհաններ ստեղծելու համար: Շինության հատակը կծածկվի քարե խճասալիկներով, առաստաղը կլինի բետոնե:
Շինությունում, բացի գիտական լաբորատորիաներից, կտեղակայվեն նաև մարզական սրահ, ստորգետնյա կայանատեղիներ: Քաղաքային վարչակազմը հայտարարել է, որ արդեն հավանության է արժանացրել նախագիծը:
Նոր կենտրոնակայանի շինարարությունը, որը նախատեսված է 12 հազար աշխատակցի համար, կավարտվի 2016թ.:
Apple-ի ներկայիս գրասենյակը տեղավորում է ընդամենը 2.8 հազար մարդու, սակայն այնտեղ աշխատում է մի քանի հազար մարդ ավելի:










































