Թուրքիայի տարածքից Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 2200 գրոհայինների դուրսբերման գործընթացը կսկսվի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին հաղորդում է Sabah թերթը:
Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքից դուրս գալու համար դիտարկվել են մի քանի երթուղիներ: Առաջին հերթին Թուրքիայի տարածքը կլքեն Հաքքարի նահանգում և Իրանի ու Իրաքի հետ սահմաններում գտնվող գրոհայինները: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում կմեկնեն Իրաքի Քրդական ինքնավարություն:
Երկրորդ փուլում գրոհայինները կլքեն Հաթայ, Գազիանթեփ, Քահրամանմարաշ, Օսմանիե, Ադանա ու Ադըյաման նահանգները: Շուրջ 80 գրոհայիններ Թուրքիայի տարածքը կլքեն 20 օրվա ընթացքում, կմեկնեն Սիրիա, իսկ այնտեղից ՝ Իրաք:
Վան և Շիրնաք նահանգներում գտնվող շուրջ 600 գրոհայիններ 35 օրվա ընթացքում պետք է տեղափոխվեն Իրաքի քրդական ինքնավարության տարածք: Բացի այդ՝ Արթվին և Աղր նահանգների 60 գրոհայիններ 60 օրվա ընթացքում կհեռանան Թուրքիայի տարածքից՝ Իրանի տարածքով մեկնելով Իրաք:
Վերջին փուլում Թուրքիայի տարածքը 90 օրվա ընթացքում կլքեն Դիարբեքիր և Էրզրում նահանգների PKK-ի ավելի քան 400 գրոհայիններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատազրկման մեջ գտնվող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կազմակերպության անդամներին կոչ է արել զենքը վայր դնել և լքել Թուրքիայի տարածքը:








































