Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին:
«Որպես ՀԱՊԿ անդամ երկրի մենք յուրաքանչյուր պահ պատրաստ ենք կատարել մեզ վրա վերցրած պարտավորությունները»,- այսօր հայտարարեց գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի՞նչ են մտածում բելառուսական գլխավոր շտաբում Հայաստանի սահմաններին չդադարող լարվածության և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության մասին:
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը միևնույն ժամանակ ընդգծել է․ – «Բելառուսը չեզոք երկիր է, խաղաղասեր պետություն է, ունենք խաղաղասեր, պաշտպանական դոկտրինա, որևէ երկրից տարածքային պահանջ չունենք, նման հակամարտությունների կողմնակից չենք: Շատ ենք ցանկանում, որ [հայ-ադրբեջանական հակամարտությունը] հնարավորինս շուտ ավարտվի»:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրավերով Օլեգ Բելակոնևը երեկ է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Բելառուս բարձրաստիճան զինվորականին ընդունել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է համագործակցությունը մարտական պատրաստության, հետախուզության բնագավառներում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս և մի շարք այլ ոլորտներում կոնկրետ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Հատկանշական է, որ Բելառուս բարձրաստիճան զինվորականը Հայաստան է այցելել հայ-ադրբեջանական սահմանին չդադարող լարվածության ֆոնին: Այսօր հաղորդվեց, որ ադրբեջանական ուժերը պետական սահմանը խախտելու փորձ են արել Նախիջևանից՝ Երասխի ուղղությամբ, ինչը կանխվել է: Վերջին շաբաթների սրացման ընթացքում առաջին անգամ է հաղորդվում Նախիջևանի ուղղությամբ միջադեպի մասին:









































