Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում քաղաքական իրավիճակը որևէ կերպ չի ազդի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի իրագործման վրա։ Այդ մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսային նախարար Ջենափ Աշչըն:
«Այդ նախագիծը շատ կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի համար։ Եվ մենք ամեն օր հետևում ենք շինարարական աշխատանքների ընթացքին։ Այո՛, նախագիծը մի փոքր ձգձգվում է։ Ներկայումս ընթանում է թունելների կառուցումը։ Բացի դրանից՝ մենք բախվում ենք ավելի ամուր գրունտի, քան ենթադրում էինք։ Սակայն ես հուսով եմ, որ նախագիծը կավարտվի հաջորդ տարի։
Թուրքիայի ներկայիս կառավարությունը մեծապես շահագրգռված է ԲԹԿ-ի նախագծի իրագործմամբ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի ներկայիս իրավիճակը չի խանգարում նախագծի իրագործմանը։
Հուսով եմ, որ նոյեմբերի 1-ին մենք կանցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու կձևավորենք մեր կառավարությունը։ Մենք շարունակելու ենք իրականացնել նախագիծը և ցանկանում ենք վստահեցնել ձեզ, որ այն կավարտվի հաջողությամբ»,- ասել է նա։








































