«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը գտնվում է ռուսական գաղութում, որտեղ իր ազատազրկումն է կրում 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանության համար։ Զեյնալովին Ադրբեջանին հանձնելու հարցը չի քննարկվում, նման դիմում չի ստացվել ո՛չ բանտարկյալի, ո՛չ էլ նրա ներկայացուցիչների կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը։ Վերջինս հավելել է, որ եթե ստացվի նման դիմում, ապա նախարարությունը կդիտարկի այն՝ օրենքին համապատասխան։
Ավելի վաղ Օրհան Զեյնալովի հայրը հայտարարել էր, որ Ադրբեջանում փաստաթղթեր են պատրաստում որդու արտահանձնման նպատակով, ով սպանության համար 2014 թվականի հուլիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է խիստ ռեժիմով 17-ամյա ազատազրկման, ինչպես նաև 3 միլիոն ռուբլի փոխհատուցում վճարելու։
29-ամյա Օրհան Զեյնալովը 2013 թվականի հոկտեմբերի 10-ին՝ անսթափ վիճակում, Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում սպանել է Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովին։ Սպանությունից հետո այդտեղ բռնկվել են զանգվածային անկարգություններ։







































