Մինսկում ստորագրվել է համաձայնագիր Դոնբասում հակամարտող կողմերի շփման գծից մինչև 100 մմ տրամաչափի սպառազինության դուրսբերման մասին՝ հաղորդում է BBC-ն:
Փաստաթուղթը ձևակերպվել է ի հավելումն Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման համալիր միջոցառումների՝ հայտարարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի Եռյակում (Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ ) ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիքը:
Որոշվել է, որ մինչև 100 մմ տրամաչափի տանկերը, հրետանային զենքերը, ինչպես նաևև 120 մմ տրամաչափի ականանետները պետք է երկու փուլով դուրս բերվեն շփման գծից 15 կմ հեռավորության վրա:
Ըստ Սայդիքի՝ սպառազինության դուրսբերման առաջին փուլը «կսկսվի կրակի լիովին դադարեցումից երկու օր անց և կներառի Լուգանսկի մարզի մեծ գոտի»:
15 օրվա ընթացքում դուրսբերումը տեղի կունենա ըստ սպառազինությունների տեսակի՝ նախ տանկերը, ապա հրետանին, հետո ականանետները:
Երկրորդ փուլի ընթացքում, որին 24 օր է հատկացված, նույն հերթականությամբ սպառազինության դուրսբերումը կներառի դիմակայության մյուս գոտիները:









































