«Մադրիդյան սկզբունքներ կոչված այդ բանակցային հենքը հնարավորություն չի ընձեռում կողմերին ընդհանուր հայտարարի գալ գոնե սկզբունքների շուրջ: Մադրիդյան սկզբունքները հնարավորություն են տալիս կողմերին տարաբնույթ մեկնաբանություններ տալ միջնորդների առաջարկներին, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իրեն ձեռնտու տարբերակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք դիվանագիտական ճանապարհով լուծել ԼՂ հարցը:
Նրա խոսքով՝ այսպես հակամարտությունները չեն լուծվում, բայց բանակցային գործընթացը կարելի է կենդանի պահել:
Արման Մելիքյանը, այնուամենայնիվ, տեսնում է ընդհանուր հայտարարի գալու որոշ նախադրյալներ, ինչը կարող է մեկնարկային պայմաններ ստեղծել և փոխել բանակցային մթնոլորտը:







































