Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ստեղծվել է ոչ թե ուժի, այլ փոխզիջումների որոնման օգնությամբ: Դա բարդ, բազմամյա գործընթաց էր՝ ուղղված համաշխարհային շուկաներում առավել արդյունավետ մրցակցային առավելությունների ստեղծմանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք ցանկանում ենք ժամանակակից քաղաքակիրթ գործընթացների շրջանակներում պահպանել առնվազն ընդհանուր մարդասիրական տարածությունը, այնպես անել, որպեսզի չառաջանան պետական սահմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ազատ շփվել միմյանց հետ, որպեսզի զարգանա համատեղ տնտեսությունը՝ օգտագործելով այն առավելությունները, որ մեզ են հասել նախկին Խորհրդային Միությունից»,- ամերիկացի լրագրողին տված հարցազրույցում ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ «այդ առավելություններն են՝ ընդհանուր ենթակառուցվածքները, միասնական երկաթուղային տրանսպորտը, միասնական ճանապարհացանցը, միասնական էներգահամակարգը և մեծագույն ռուսաց լեզուն, որը, միավորում է բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին և տալիս մրցակցային ակնհայտ հնարավորություններ՝ հետխորհրդային տարածության երկրներում տարբեր ինտեգրացիոն ծրագրերի զարգացման համար»:








































