Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը որոշում չի ընդունել լրագրող Շիրին Աբասովի կալանավորման մասին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էլչին Սադիգովը, ով ներկայացրել է դատարանից ստացած պատասխանի լուսանկարը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե հենց այդ դատարանն է որոշում կայացրել նրան կալանավորելու մասին։
Շիրին Աբասովին ձերբակալել են սեպտեմբերի 16-ին՝ փողոցում։ Մի քանի օր անց ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնեց, որ Աբասովը տվյալ գերատեսչությունում պահվում է դատական որոշման հիման վրա, որով նա դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի՝ ոստիկանությանը չենթարկվելու համար։
Սադիգովը պնդել է, որ նման պրակտիկան ոչ վաղ անցյալում կիրառվել է Ադրբեջանի միջազգային բանկի վարկային սկանդալի կապակցությամբ գործարարների կալանավորման համար, որոնց ոստիկանությունում պահել են առանց դատական որոշման։
Բացի այդ, երկուշաբթի հարցաքննվել է լրագրող Իսլամ Շիհալին, որի տանը նախօրեին կատարվել է խուզարկություն, և առգրավվել են նրա անձնական իրերը։ Ընդգծվում է, որ այդ ամենի նպատակը երիտասարդ լրագրողներին ահաբեկելն է։










































