Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման խնդիրը:
«Միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը կարող է դիտարկվել այն դեպքում, եթե այն չծառայի գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանմանը, որը չեն ընդունում համանախագահող երկրների նախագահները, և չի արդարացնի օկուպացիան։ Անհրաժեշտ է ստեղծել նաև ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման պլան ու մեխանիզմ։ Միջադեպերի պատճառն ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի առկայությունն է»,- ասել է նա։







































