Սերժ Սարգսյանը նախօերին Դիլիջանում ընդունել է ԵՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահներին, որոնք Հայաստան են ժամանել արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Դիլիջանում տեղի ունեցած հանդիպումը հետաքրքրական է ԵՏՄ-ում առկա ֆինանսատնտեսական ծանր իրավիճակի, այդ պայմաններում անդամ երկրների արժութային քաղաքականության կայունությանը սպառնացող ռիսկերի և վտանգների, ու նաև սեպտեմբերի 8-ին ԵՏՄ վարչապետների հավաքում Հայաստանի վարչապետի հնչեցրած առաջարկի ֆոնին՝ ռազմավարական ապրանքների առևտրում անցնել ռուբլով հաշվարկի:
Թեև Հայաստանի իշխանությունները պարզաբանել են, որ խնդիրն ընդամենը ռուսական գազն ու նավթամթերքները Հայաստանի համար ձեռք բերելիս ռուբլով հաշվարկի անցնելն է, քանի որ այդպես Հայաստանի համար շահավետ է ռուբլի-դոլար անկայուն հարաբերության վտանգներից խուսափելու առումով, այնուհանդերձ շատ փորձագետներ շարունակում են կարծել, որ դա լինելու է միասնական ԵՏՄ-ական արժույթի անցնելու քայլերից մեկը: Եվ այս տեսանկյունից, Հայաստանի առաջարկից հետո դիլիջանյան հավաքն ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն իսկապես դառնում են հետաքրքրական:
Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ական տարածքում կամ դրա ՀԱՊԿ-ական, այսպես ասած, ռազմա-քաղաքական բաղադրիչում ակնհայտորեն նկատվում է ավելի ու ավելի փակվելու միտումը: Դա ակնհայտ էր ՀԱՊԿ-ի սեպտեմբերի 15-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունից, որտեղ Մոսկվան փաստորեն անդամ երկրներին ստիպել էր դատապարտել իր հանդեպ պատժամիջոցներն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական գործողություններն արևելաեվրոպական գոտում: Դա ակնհայտ է արևմտյան սննդամթերքի հանդեպ ՌԴ պատժամիջոցներին ԵՏՄ մյուս անդամներին էլ միացնելու Ռուսաստանի տարատեսակ փորձերից:
Մոսկվան փորձում է ավելի ու ավելի, այսպես ասած, բյուրեղանալ հետխորհրդային տարածքում՝ մի կողմից մեծացնելով շանտաժի խորությունը, մյուս կողմից՝ ըստ էության ակնկալելով թերևս նման կերպով ավելի երկար դիմադրել միջազգային մեկուսացման մաշող քաղաքականությանը, որի արդյունքում Ռուսաստանն իսկապես ծանր տնտեսական վիճակում է հայտնվել: Եվ այս միտումների պայմաններում միասնական արժույթի՝ որքան էլ տնտեսագիտորեն չհիմնավորված, մասնագիտորեն գրեթե անհավանական համարվող ուրվականը, այնուհանդերձ, որպես ավանտյուրա դառնում է բավականին հողեղեն:
Իսկ այն, որ Հայաստանը նման միտումների պարագայում միանշանակ տուրք կտա ռուսական պահանջներին, իսկ հարկ եղած դեպքում էլ ուղղակի կդառնա ԵՏՄ-ում այդ պահանջներն առաջ մղելու գործիք՝ կասկածից վեր է իհարկե: Հատկապես այժմ, երբ Սերժ Սարգսյանին պետք է անցկացնել սահմանադրական բարեփոխումները, Ռուսաստանը կարող է փորձել նրան պարտադրել գրեթե ցանկացած զիջում՝ լինի դա տնտեսական, թե ռազմա-քաղաքական թեմաներով: Եվ եթե ռազմա-քաղաքական թեմաների պարագայում կարող է «օգնության» գալ Արևմուտքը և թույլ չտալ կովկասյան ռեգիոնի վերաձևումներ, ապա տնտեսական հարցերում այդ «օգնությունը» կարող է չլինել:








































