Գերմանական ZDF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի Բյուխել քաղաքում գտնվող բունդեսվերի ավիաբազայում տեղակայելու են B61-12 տիպի 20 ամերիկյան ատոմային ռումբ։
Հեռուստաալիքը հայտնել է, որ Գերմանիայի միավորումից 25 տարի անց Ռեյնլանդ-Պֆալցում կրկին կտեղակայվեն «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի ատոմային ռումբեր։
Հաղորդվոմ է, որ տվյալ տեղեկատվությունը հաստատվում է ԱՄՆ-ի բյուջեի մասին փաստաթղթերով, որոնք հայտնվել են հեռուստաալիքի տրամադրության տակ։ Հեռուստաալիքն ընդգծում է, որ դեռևս 2010 թվականին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ քվեարկել է Գերմանիայի տարածքից ատոմային զենքի դուրսբերման օգտին։ Սակայն դա չի արվել, և ներկայումս Գերմանիայում գտնվող ռումբերը փոխարինվելու են նոր, ավելի ժամանակակից ատոմային ռումբերով։










































