Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին պատկանող Քինգ դելյուքս ընկերությունը սնանակ է ճանաչվել: Վարկային պարտավորությունները չկատարելու համար սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Առեքսիմ բանկը:
Դատարանի որոշումը կայացվեց Աբովյանի քաղաքապետի ընտրություներից մեկ շաբաթ անց՝ հունիսի 15-ին, իսկ արդեն մեկ ամիս անց Աբովյանի ներքաղաքային փոխադրման որակն ու հետագա գործունեությունը կասկածի տակ առավ նորընտիր քաղաքապետ, Հարությունյանի նախկին մրցակից Վահագն Գևորգյանը: Այդ մասին նա հայտարարել էր մեզ հետ զրույցում: Սա անսպասելի չէր, նման կարծիքներ հնչում էին նաև թեժ ընտրապայքարի ժամանակ: Մտահոգություններ կային, որ ընտրվելուց հետո Ծառուկյանի թեկնածուն հաշվեհարդար կտեսնի մրցակից Արթուր Հարությունյանի հետ:
«Ներքաղաքային տրանսպորտը, որը որ Արթուր Հարությունյանինն է, այժմ նորմալ չի աշխատում: Կարող եք գալ, ազգաբնակչությունից հարցնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Դեռևս օգոստոսին նա ակնարկել էր նոր ընկերության անհրաժեշտության մասին, նշելով, որ առաջիկայում սպասվում է նոր մրցույթ:
Մինչ Աբովյան քաղաքի ուղևորափոխադրման մրցույթը, որը կկայանա նոյեմբերին, քաղաքապետ Վահագն Գևորգյանն արդեն վերանայել է իր վերաբերմունքը իր իսկ կողմից բնութագրված «նորմալ չաշխատող» ընկերության վերաբերյալ. ««Քինգ դելյուքս» ընկերությունը արձագանքեց իմ դժգոհությանը, և այժմ ավտոբուսները նորմալ աշխատում են»:
Իսկ «Քինգ դելյուքս» ընկերության տնօրեն Մարկոս Մարկոսյանի հավաստմամբ՝ ընկերությունը բնականոն աշխատում է, ինչպես ամիսներ առաջ, այս ընթացքում որևէ փոփոխություն չի եղել և որևէ մեկի դժգոհությունից հետևություն չեն արել, ավելին՝ նոյեմբերին մասնակցելու են ներքաղաքային ուղևորափոխադրման համար անցկացվող մրցույթին:










































