Ճապոնական Hitachi Ltd. ընկերությունը համակարգչային ծրագիր է մշակել, որն օգնում է բարդ որոշումներ ընդունել: Այս մասին հայտնում է Asakhi թերթը:
Դրա աշխատանքի սկզբունքը լրատվական նյութերի վերլուծությունն է, որոնք համացանցում բաց հասանելիություն ունեն: Մեկ րոպեում ծրագիրը կարող է տրված թեմայով մոտ 10 մլն հոդված նայել և դուրս բերել «կողմ» և «դեմ» բոլոր փաստարկները: Դրանից հետո ալգորիթմն ընտրում է դրանցից առավել ծանրակշիռները և կազմում պարզ աղյուսակ, որի հիման վրա օգտատերը պետք է վերջնական որոշում ընդունի որևէ հարցում:
Թեստավորման ընթացքում ծրագրին առաջադրանք է տրվել՝ արդյոք պե՞տք է Ճապոնիայում թույլատրել խաղատների աշխատանքը: Որպես դրական գործոններ արհեստական ինտելեկտն առանձնացրել է աշխատատեղերի ավելացումն ու տնտեսության զարգացման խթանումը, իսկ «բացասական գործոնների» շարքում նշել է հանցավորության ու խաղամոլների թվի աճը, որոնք պատրաստ են խաղատանը թողնել իրենց բոլոր խնայողությունները:
Առայժմ Hitachi-ն առաջարկում է ծրագրի միայն անգլիալեզու տարբերակը, ճապոներեն տարբերակի աշխատանքը կավարտվի մինչև տարեվերջ:









































