Մի քանի օր առաջ մի խումբ լրագրողների հետ հայտնի հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսում էր ՀՀԿ համամասնական ցուցակի մասին, որը ներկայացվել էր խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը հավաստիացնում էր, որ կատարել է իր խոստումը և որևէ օլիգարխ ցուցակում չի եղել: Այս մասին շատ խոսվեց, շատ մեկնաբանվեց, և խորհրդարանն իր կազմով ինքնին արդեն իսկ մեկնաբանություն է, որը ամենից խոսունն է՝ Սերժ Սարգսյանի խոսքերի «հավաստիության» իմաստով:
Ներկայումս կուսակցությունները ցուցակներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի ընտրությունների, այսինքն` ավագանու ընտրությունների համար: ՀՀԿ-ի այս ցուցակը պակաս հետաքրքիր չէ, քան խորհրդարանական ընտրության ցուցակն էր: Խորհրդարանական ՀՀԿ-ական կազմն ու Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ-ական ցուցակը կարելի է մեկ խորագրի տակ դիտարկել՝ «հայրեր և որդիներ»: Ավագանու ընտրությունների ՀՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ են գտել ՀՀԿ-ական մի շարք` այսպես ասած հայտնի գործիչների, պատգամավորների, ՀՀԿ-ակից նախկին նախարարների որդիներ: Նրանք կհայտնվեն ավագանիում, թե ոչ` ժամանակը ցույց կտա, սակայն որ արդեն իսկ հայտնվել են ավագանու ցուցակում, բավականին խոսուն փաստ է և վկայում է «արդիականացվելու» այն երկաթյա կամքի մասին, որ ամեն առիթով փորձում է արտահայտել Սերժ Սարգսյանը իր կուսակցության հետ մեկտեղ:
«Հայրերի և որդիների արդիականացում» կարելի է անվանել Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի ցուցակում առաջին տեղում հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի որդին է՝ Տարոն Մարգարյանը, ցուցակում են լրագրողների ծնոտների հանդեպ անբռնազբոս ծրագրեր արտահայտող Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին, այնտեղ է Սեդրակյանի խնամի Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին: Ցուցակում իր տեղն ունի Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի որդին: Կան էլի որդիներ, դուստրեր, որոնք կազմում են ՀՀԿ ավագանու ցուցակը: Եվ երևի թե քչերի մոտ կարող են կասկածներ լինել, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական ներկայիս ցուցակը, ըստ էության, գալիք խորհրդարանական ընտրությունների ցուցակն է, կամ` մեծ հաշվով, գալիք իշխանական համակարգի պատկերը, եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ բավական մեծ թվով պաշտոնյաներ էլ իրենց որդիներին տեսնում են իրենց մարզ-կալվածքներում բարձր պաշտոնների:
Այլ կերպ ասած` իշխանական էլիտան սկսել է կամաց-կամաց պատրաստել սերնդափոխության գործընթացը և սահուն անցում ապահովել հայրերից որդիներին: Երևանի ավագանու ընտրությունները այս անցման շրջաններից մեկն են հանդիսանալու: Երբ այս ամենից հետո Հայաստանի իշխանության բարձր մակարդակով հայտարարվում է գիտելիքի, ինտելեկտի, կրթության և նմանօրինակ այլ հասկացությունների գերակայության, ստեղծագործական ազատության և մրցակցային միջավայրի մասին, հայտարարվում է, որ Հայաստանին պետք են այդպիսի երիտասարդներ, այդպիսի կադրեր, և նրանք են երկրի վաղվա օրը, մնում է միայն ծիծաղել: Այդ կադրերը երկրի վաղվա օրը չեն, և եթե նրանք այսօր նաև իշխանությունների աջակցությամբ կրթություն են ստանում արտերկրում և ոչ թե մնում են այնտեղ, այլ հետ վերադառնում, ապա ոչ թե հայրենիքի վաղվա օրը լինելու, այլ պարզապես «որդիների» վաղվա իշխանությունը սպասարկելու համար: Նրանց կրթությունը ոչ թե հայրենիքին է ծառայելու, այլ արդեն այսօր ցուցակներում տեղ անող որդիներին: Իսկ որդիներն ու դուստրերը արդեն իրենք կորոշեն, թե այդ երիտասարդների ստացած կրթությունը, ունեցած գիտելիքն ու ինտելեկտը որտեղ և ինչ չափով ծառայեն հայրենիքին, ծառայեն պետությանը: «Հայրերը» իրենց տեղից պատրաստ են հրաժարվել իշխանության մեջ, բայց միայն «որդիների» համար, միայն «որդիների» տեղն ապահովելուց հետո, երբ համոզված են, որ այլևս ամեն ինչ կանեն նրանք՝ առանց «հայրերի» թոշակը վտանգի տակ դնելու:
Այստեղ Երևանի ավագանու խնդիրը չէ: Ավագանու ընտրություններն ընդամենը դարձել են իշխանական համակարգի մակարդակով տեղի ունեցող ավելի խոշոր և խորքային գործընթացի դրսևորման մի առիթ: Այդ գործընթացը մարտահրավեր է հանրությանը: Այդ մարտահրավերին առավել համարժեք և արդյունավետորեն արձագանքելու համար հասարակությունն, անշուշտ, կարիք ունի հասկանալ անցման այդ գործընթացի նրբությունները՝ հոգեբանական և քաղաքական: Բանն այն է, որ այստեղ կան իշխանությանը հատուկ հոգեբանական առանձնահատկություններ, բայց միևնույն ժամանակ նրբերանգներ, որոնք կարող են առնվազն ենթագիտակցական մակարդակում ունենալ հասարակական հող և հենց դրա վրա հենվելով ապահովել անցման բարեհաջող ընթացքը:
Հետևաբար, երևի թե կարիք կա, որ այս երևույթի դեմ ադեկվատ հասարակական արգելապատնեշ կառուցելու համար հասարակությունը ոչ միայն իշխանության, այլ ինքն իր ներսն էլ ենթարկի բավական մանրազնին դիտարկման: Խնդիրն այն է, որ եթե սահուն անցումն իրականացվի և համակարգը հայրերից փոխանցվի որդիներին, ապա այստեղ արդեն տեղի կունենա իրավիճակի անխուսափելի կարծրացում, քանի որ եթե հայրերը համակարգը «ժառանգել» կամ «խլել» էին հեղափոխությունից, և հետևաբար նրանց ոտքի տակ հողը, այսպես, թե այնպես, միշտ տաք էր, ապա որդիները իրենց թիկունքում, փաստորեն, կզգան արդեն ոչ թե շնչող ու արտաշնչող և առնվազն խուլ պահանջատեր հեղափոխության հևքը, այլ շնչառությունը կարգավորած հայրերին:









































