ՄԱԿ-ի խաղաղապահները հաղորդել են Դարֆուրում փախստականների հարցերով համաժողովի 31 պատվիրակի առևանգման մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության խաղաղարար համատեղ առաքելության աշխատակիցները ուղեկցել են համաժողովի գնացող Դարֆուրի բնակիչներով երեք ավտոբուսների, երբ ավտոշարասյունը կանգնեցվել է Դարֆուրի Կենտրոնական և Հարավային նահանգների սահմանին: Նրանց կանգնեցրել է զինվորական համազգեստով, զինված անհայտ մարդկանց մի մեծ խումբ: Խաղաղապահները փորձել են դիմակայություն ցույց տալ նրանց, սակայն առևանգողներին հաջողվել է համաժողովի պատվիրակներին տանել անհայտ ուղղությամբ:
Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ առևանգվածների ազատ արձակման մասին, սակայն դրանք չեն հաստատվել: Առևանգման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:
2013-ի հունվարից Դարֆուրում միջցեղային ընդհարումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, ավելի քան 130 հազարը փախստական է դարձել:









































