Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անլուրջ է համարում, որ իրեն կարող են հարցաքննության կանչել 2005թ. երկրի վարչապետ Զուրաբ Ժվանիայի անսպասելի մահվան հանգամանքների գործով, հաղորդում է Interfax-ը:
«Դա անլուրջ է: Աշխարհում ոչ մեկը նախագահին հարցաքննության չի կանչում, եթե իհարկե՝ մենք չենք ցանկանում նմանվել տումբա-յումբա ցեղին, որը, ամենայն հավանականությամբ, արդեն գոյություն չունի»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահի խոսքերով` Ժվանիայի գործը «մինչև վերջ հետաքննվել է նախկին իշխանությունների կողմից, և դա դժբախտ պատահար է եղել»:
«Զուրաբ Ժվանիան եղել է իմ մեծ ընկերը: Ոմանք փորձեցին շրջանառության մեջ դնել «Ժվանիայի սպանություն» տերմինը, սակայն նրանց մոտ դա չստացվեց»,- ասել է Սաակաշվիլին` ընդգծելով, որ դա եղել է դժբախտ պատահար:
Նախագահի խոսքերով` այդ ժամանակ ինքը հոգեբանորեն շատ ծանր վիճակում է եղել:







































