Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող «Մուսուլման եղբայրների» շտաբ-գրասենյակներին առընթեր փողոցները դարձել են ընդդիմադիրների և իսլամիստների միջև բախումների բեմահարթակ, հաղորդում է Euronews-ը:
Ավելի վաղ Եգիպտոսի վարչակարգի հակառակորդները փորձել են գրավել շտաբ-գրասենյակները, ի պատասխան շարժման ղեկավարները մարզերից ավտոբուսներով ակտիվիստներ են տեղափոխել մայրաքաղաք:
Associated Press գործակալության փոխանցմամբ` ավտոբուսից դուրս գալիս եկվոր ակտիվիստներին քարկոծել են, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ:
Եգիպտոսի ՆԳՆ-ն հաղորդել է, որ շտաբ-գրասենյակների պաշտպանության համար հատկացվել են հատուկ նշանակության ուժեր և «քաղաքական ու հեղափոխական ուժերին» կոչ է արվել բողոքի ակցիայի ընթացքում զերծ մնալ բռնության կիրառումից:
Բախումներ են տեղի ունեցել նաև Ալեքսանդրիայում, Ալ-Շարքիայում:







































