Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված երկրորդ հիմնական ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Հալուք Քոչը կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) անտեսել է հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Այժմ Թուրքիան իր քաղաքական պատմության մեջ առաջին անգամ գնում է դեպի կրկնական ընտրություններ, քանի որ կուսակցություններին չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չկարողացավ կամք ցուցաբերել և մնաց նախագահ Ռեջեփ Էրդողանի ազդեցության տակ։
Եթե Դավութօղլուն չէր ցանկանում ժամանակավոր կառավարություն, ապա ինչո՞ւ նա լռեց, երբ Էրդողանը հրաժարվեց կառավարություն ձևավորելու մանդատը փոխանցել ԺՀԿ-ին։ Դավութօղլուն իր դրության պատճառների փնտրտուքի մեջ է։ Էրդողանն այդպես էլ մանդատը չտվեց ԺՀԿ-ին՝ չնայած նրան, որ Դավութօղլուն ձախողվել էր կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում»,- ասել է նա։
Հալուք Քոչն ընդգծել է, որ ԺՀԿ-ն ներկայացված չի լինելու ժամանակավոր կառավարությունում։ Բացի դրանից՝ նա հայտնել է, որ ԺՀԿ-ն նախընտրում է, որ նոր ընտրություններն անցկացվեին նոյեմբերի 8-ին։ Սակայն Թուրքիայում կրկնական ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 1-ին։









































