Գերմանիայի տնտեսապես առավել զարգացած Բավարիա և Գեսեն դաշնային հողերը ծրագրում են Կառլսրուեում հայց ներկայացնել դաշնային Սահմանադրական դատարան՝ ընդդեմ միջոցների բաշխման գործող համակարգի, համաձայն որի՝ հարուստ վարչական միավորները պարտավոր են գումարների մի մասը տրամադրել կարիքավորներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նման հայցի հնարավորությունը քննարկվել է վաղուց, սակայն այժմ խոսքն արդեն մարտի 25-ին դատարան ներկայացվելիք հայցի մասին է: Նույն օրը տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կհայտարարվեն բոլոր մանրամասները:
Ֆինանսական հավասարության սկզբունքը ամրագրված է Գերմանիայի Հիմնական օրենքի 107-րդ հոդվածով և ներկա տեսքով կգործի առնվազն մինչև 2019 թվականը:
Անցած տարվա տվյալներով՝ տնտեսապես առավել հաջողակ հողերի եռյակը՝ Բավարիան, Գեսենն ու Բադեն Վյուրտեմբերգը, «աղքատների» բյուջե են փոխանցել 7.8 մլրդ դոլար: Նշենք, որ երրորդ դաշնային հողը հրաժարվել է միանալ հայցին:







































