Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ սպասվող կոնսոլիդացիայից հանրապետականները շատ ոգևորված են, քանի որ որոշ կուսակցությունների նախկին կոշտ դիրքորոշումը կտրուկ փոխվել է, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կոմպլեքսներից էլ ազատված են։ Սրա մասին առայժմ հրապարակայնորեն խոստովանում է ԲՀԿ-ն։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ մոտեցումների փոփոխությունը տեղի է ունեցել նախագիծն ուսումանսիրելուց հետո և հասկացան, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։ «Առաջին լրատվական»-ը նախագծի դեմ սպասվող պայքարի, ինչպես նաև վերջին օրերի ՀՀԿ կառկառուն ներկայացուցիչների անվան հետ կապված կրիմինալ դեպքերի մասին զրուցել է Վահրամ Բաղդասարյանի հետ։
–Պարոն Բաղդասարյան, վերջին օրերին Ձեր կուսակիցների՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը կապվեց երկու բռնության դեպքի հետ։ Սա ձեզ որքանո՞վ է մտահոգում և ի՞նչ եք պատրաստվում անել։
– Խորհուրդ կտայի, որ քաղաքական գործիչներն ու լրագրողները զերծ մնան մեկնաբանություններից, քանի որ իրավապահները զբաղվում են բացահայտման գործով և դեռ հայտնի չէ, թե ինչն ինչպես է եղել։
-Սահմանդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ամենակոշտ արտահայտվողներից մեկի՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը մեղմվել է։ Եթե նախկինում պնդում էին, որ դա մեկ մարդու իշխանության վերարտադրման նպատակով է և երկրում սահմանադրական ճգնաժամ չկա, ապա հիմա հայտարարում են, որ կոշտ դիրքորոշում չունեն։ Ի՞նչն է պատճառը։
-Շատ ուրախ եմ, որ քաղաքական ուժերն արդեն ուսումնասիրել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, իսկ նախկինում առանց ուսումնասիրությունների հայտարարում էին, որ մեզ սահմանադրական փոփոխություններ պետք չեն։ Բայց երբ ուսումնասիրում են մանրամասն, հասկանում են, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են և որևէ քաղաքական գործիչ, ով այս երկրի հետ կապված նպատակներ է ունենում, երբ ուսումնասիրում է փոփոխությունները, չի կարող ժխտել, որ այսօր դրանք պետք չեն։ Թե ինչ ձևով կվերամշակվի և ինչպես կփորձեն լուրջ մոտեցումներ ցուցաբերել, շտապողականություն չցուցաբերեն, որ շտկումներ լինեն, դա հետո կերևա, բայց ամեն դեպքում այդ փոփոխություններն անհրաժեշտություն են։
-Հնարավո՞ր է, որ մեղմ դիրքորոշման պատճառը հաջորդ խորհրդարանում հայտնվելու երաշխիքն է։
-Այդ տեսակ մեկնաբանություններին լուրջ չեմ վերաբերվում, ի՞նչ է նշանակում՝ երաշխավորում են հաջորդ ընտրություններում լինել խորհրդարանում։ Այսինքն, այդ ուժերն այդքան ռեսուրս, այդքան ուժ չունե՞ն, որ մենք պիտի օգնենք քաղաքական դաշտում լինել։
-Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների դեմ արտախորհրդարանական, ինչպես նաև խորհրդարանական ուժեր ՀԱԿ-ը, Ժառանգությունը, պատրաստվում են համախմբվել։ Վստա՞հ եք, որ չի տապալվի հանրաքվեն և իշխանությանը կհաջողվի այն անցկացնել։
-Չեմ կարծում, որ հանրաքվեն տապալելու աստիճան պայքար կլինի, բայց ովքեր, որ համախմբվելու մասին են խոսում, նրանք ոչ թե դեմ են սահմանադրական փոփոխությունենրին, այլ Հանրապետականին։ Նրանք դեմ չեն այդ փոփոխություններին։ Երկրում ինչ միջոցառում էլ լինի, նրանք պետք է դեմ լինեն։
–Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները նախագծի որոշ դրույթների՝ ԱԺ ընտրության երկրորդ փուլի և կայուն մեծամասնության վերաբերյալ վերանայվելո՞ւ են, հնարավո՞ր է փոփոխվեն։
-Դրանք քննարկման փուլում են, Վենետիկի հանձնաժողովի հետ մեկ անգամ ևս քննարկումներ կլինեն, որից հետո կհստակեցվի վերջնական տարբերակը։
-Վենետիկի հանձնաժողովը մի ցանկությունն էլ էր հայտնել՝ միասեռ ամուսնությունների օրինականությունը չսահմանափակելու վերաբերյալ։ Հնարավոր համարում ե՞ք, որ հաշվի առնեն այս ցանկությունը։
-Կոնկրետ ես առաջրկություն եմ ներկայացրել, որ Սահմանդրության մեջ կետ ավելացնեն՝ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է միասեռ ամուսնությունը։
-Գլխավոր գերագույն հրամանատարի հարցը ևս շատ է քննարկվում, կան ուժեր, ովքեր համարում են, որ այդ դրույթը չի երաշխավորում պատերազմական վիճակում գտնվող երկրի անվտանգությունը։ Ինչ եք կարծում, դա կվերանայվի՞։
-Դա արդեն հստակեցված է՝ պատերազմի շրջանում լինելու է վարչապետը։
-Կարծիքներ կան, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի շահառուներից մեկն էլ համարվում է Ռոբերտ Քոչարյանը։ Հավանակա՞ն եք համարում, որ նա «ոչ»-ի ճակատ ձևավորի ընդդեմ նախագծի։
-Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այդ ձևով ցանկություն կունենա մտնել ակտիվ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը մեծ հնարավարություններ ունի քաղաքականություն մտնելու, և չեմ կարծում, որ դա այդ տարբերակն է։
–Իսկ ուժի մե՞ջ է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի առաջադրվելու ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ Աժ ղեկավարի պաշտոնում։
-Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի փոխվում։
Լուսանկարը՝ armtimes.com-ի









































