Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին:
2007 թվականից անցկացվող այս հավաքը հայրենասիրական ուղղվածությամբ լայնածավալ սոցիալական նախագիծ է, որի գլխավոր նպատակն է հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված Հայրենական մեծ պատերազմում ներդրում ունեցող ժողովուրդների բարեկամության, ազգային, մշակութային արժեքների պահպանմանը և ամրապնդմանը, երիտասարդության շրջանում հայրենասիրության դաստիարակմանը: Հավաքներին մասնակցող 14-17 տարեկան պատանիները հետխորհրդային տարածքի ռազմամարզական և կադետական վարժարանների սաներ են:
Հայաստանում ս.թ. օգոստոսի 15-28-ը անցկացվող միջազգային մրցույթ-հավաքը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցում են տասներկու երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Մերձդնեստրյան Հանրապետության, Ռուսաստան, Վրաստանի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմամարզական և կադետական վարժարանների սաները:
Սերժ Սարգսյանը դիտել է ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի և Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը: Հավաքի մասնակիցները Սերժ Սարգսյանին նվիրել են ՌԴ-ում՝ Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիք՝ մաղթանքով, որ այն հնարավորինս հաճախ դրվի Միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունելով նվերը՝ նշել է, որ այն թանկ է իր համար նաև այն պատճառով, որ իր ժամկետային ծառայությունն անցել է հենց Հարավային Ուրալում: Նա ընդգծել է, որ ինքը ևս շատ կցանկանար, որպեսզի այս կնիքը հաճախ դրվեր Հայաստանի տարածքում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում նման հավաքների ու այլ երիտասարդական ինտեգրացիոն գործընթացների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:
«Այդ հաղթանակը շատ հարցերում հնարավոր է դարձել ի շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք ուղղակի պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, և բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլ նաև ամեն ինչ անենք շարունակելու համար այն ավանդույթները, որոնք եղել են և կան:
Պետք է երախտապարտ լինենք այն մարդկանց, որոնք մտահղացել և իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ, որտեղ դուք կարող եք ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որտեղ կարող եք ձեր գիտելիքները կիսել, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել: Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում կան շատ մարտահրավերներ, և դրանք հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: Դուք տարածողներն եք համամարդկային գաղափարների, հանուն որոնց պայքարել են մեր պապերն ու նախապապերը: Ես վստահ եմ, որ և՛ դուք, և՛ ձեր հասակակիցների մեծ մասը դա գնահատում են և ամեն ինչ կանեն, որպեսզի այդ բարեկամությունը, այդպիսի հարաբերությունները լինեն հավերժական: Այսպիսի հավաքները, իհարկե, հնարավորություն են ձեռք բերելու նոր ընկերներ: Ցանկացած ընկերություն, ցանկացած համագործակցություն մշտական ջանքերի կարիք ունի և ուշադրություն ու հոգատար վերաբերմունք է պահանջում»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հավաքի մասնակիցներին հաջողություններ: Նա վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան, հավաքի մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեն և լավ տպավորություններով հեռանան տուն:









































