Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետները կարծում են, որ Ուկրաինայի հակամարտության սրացման հետ մեկտեղ ուժեղանում է նաև Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայությունը, և որ այդ վեճի կենտրոնը կարող է Ուկրաինայից տեղափոխվել Հարավային Կովկաս:
Ըստ նրանց՝ «Արևմուտքը մտադիր չէ թույլ տալ հետխորհրդային տիրույթում Ռուսաստանի ազդեցությանն ընդլայնում և հստակ հասկանալ է տվել, որ իր աջակցությունը չի սահմանափակվի Ուկրաինայում։ Արևմուտքը սկսել է ռազմաբազաներ կառուցել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում։ Դրա հետ մեկտեղ նա ընդլայնել է հետխորհրդային տիրույթի մի շարք երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Արևմուտքի ու Ռուսաստանի միջև դիմակայության նոր կետ կարող է դառնալ հենց Կովկասը։ Այդ մասին վկայում է Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը, որը ծրագրված է ընթացիկ տարվա օգոստոսի վերջին։
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանն ամրապնդել է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, հասել է երկրում քաղաքական ու տնտեսական ուժեղ դիրքեր ունենալուն։
Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմական ներկայությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցելը Ռուսաստանին գերակա արտաքին ուժի դիրք է ապահովում տարածաշրջանում։
Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց հետո անսպասելիորեն սրվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Ռուսաստանը տվյալ հարցում զբաղեցնում է դիվանագիտական զուսպ դիրքորոշում։ Մոսկվան երկխոսության կոչ է անում երկու երկրներին (Հայաստան ու Ադրբեջան) և շարունակում է ռազմական մատակարարումները երկու երկրներին՝ որպես զսպման միջոց։
Երկու երկրների զինված ուժերն այնպիսի ինտենսիվությամբ են խախտում հրադադարի ռեժիմը, ինչպիսիք որ չեն գրանցվել վերջին 20 տարում։ Դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից Կովկասում իր ազդեցությունը կորցնելով՝ կապված Դոնբասում պատերազմի մեջ ներգրավելու հետ։ Նախկինում Հայաստանում ռուսական ռազմական ազդեցությունն ու տարածաշրջանում Մոսկվայի ուժեղ դիրքերը բավական են եղել խաղաղություն ապահովելու համար։
Եվ այնուամենայնիվ, Ուկրաինայի արևելքի դեպքերի սկսվելուց հետո Եվրամիությունը սկսել է խաղարկել Ադչբեջանին՝ որպես Եվրոպային էներգակիրների այլընտրանքային մատակարարի։ Դա Բաքվին հնարավորություն է տվել ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում, և միևնույն ժամանակ Մոսկվան կորցրել է դրանք։ Դա հիմնական պատճառն է, թե ինչու է Ադրբեջանը վերջին մեկ տարում սկսել գործել ավելի ագրեսիվ և փորձել փոխել ստատուս-քվոն»։







































