Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանն ունեն բոլոր հնարավորությունները՝ փոխհարաբերությունների որակն էլ ավելի բարձրացնելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները, մեր երկրները կառուցողական փոխգործակցություն են ծավալել գործնականում բոլոր ուղղություններով, մեր միջև առկա է բարձր մակարդակի, ինտենսիվ երկխոսություն»։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Իրանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև «վեցյակի» ու Իրանի միջև գործարքը տալիս են բոլոր հնարավորությունները՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։
Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը վիթխարի ազդեցություն ունի Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցության վրա՝ ներառյալ պաշտպանական ոլորտը. «Մենք ունենք ընդհանուր շահերը։ Իրանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ձեզ հետ համագործակցությունն ընդլայնելու համար»։










































