Vesti.ru-ի փոխանցմամբ` երկուշաբթի տեղի է ունենալու Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` Իրանի արտգործնախարարի ռուսական այցը տեղի է ունենում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսության ֆոնին:
Առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում նաև հաշվի առնելով Վիեննայում ձեռք բերված միջուկային գործարքը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման համար հեռանկարային են համարվում վառելիքա-էներգետիկ, ագրոարդյունաբերական համալիրի, տիեզերքի, գիտության, կրթության, ավտոմոբիլային ու ավիացիոն արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը:
Բացի այդ, Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարծիքներ են փոխանակելու տարածաշրջանային ու համաշխարհային առանցքային խնդիրների շուրջ` ներառյալ Սիրիայի ճգնաժամը:







































