Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ Ռուսաստանին են հանձնել բողոքի երկրորդ նոտան՝ կապված Վրաստանի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) վարչական սահմանի շուրջ տիրող իրավիճակի հետ։
Փաստաթուղթն ուղարկվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։ Ավելի վաղ վրացական մամուլը գրել էր, որ ռուս զինվորականները Թամարաշենի գյուղի շրջանում (Արևելյան Վրաստան) 800 մետրով առաջ են մղել «սահմանը» և հաստատել են նոր սահմանային նշան, որի հետևանքով տեղաբնակների մի մասի վարելահողերը մնացել են նոր «սահմանից» այն կողմ։
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ վերջին մեկ ամսում արդեն երրորդ անգամ են արձանագրվում սահմանային նշանների տեղադրման փաստեր, որոնք հղի են ապակայունացման վտանգով։ Վերջերս էլ Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա էր հղել Ցիտելբուանի գյուղի մոտ կատարված սահմանային փոփոխությունների կապակցությամբ։









































