ՄԱԿ-ի խաղաղապահներին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում հերթական անգամ մեղադրել են սեքսուալ բռնությունների մեջ՝ հաղորդում է TASS-ը:
Ինչպես հայտարարել է «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը՝ այս անգամ զոհ է դարձել 12-ամյա մի աղջիկ:
Մեկ այլ միջադեպի ընթացքում խաղաղապահներն իբր սպանել են 16-ամյա երիտասարդի և նրա հորը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ երկու դեպքերն էլ տեղի են ունեցել ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում գործողության ժամանակ, որը խաղաղապահներն իրականացրել են օգոստոսի առաջին օրերին:
ՄԱԿ-ի քարտուղարությունում հայտնել են, որ «տեղյակ են սեքսուալ բռնության վերաբերյալ վերջին տագնապալից պնդումների մասին, որը կատարում են խաղաղապահները Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում»:
Ըստ տեղեկությունների՝ Բանգիում գործողությունն անցկացվել է ի պատասխան մայրաքաղաքի շրջաններից մեկում խաղաղապահների վրա հարձակման: Ուստի ենթադրություններ են արվում, որ «կապույտ սաղավարտավորների» ռեյդը կարող էր դրա պատասխանը լինել:
ՄԱԿ-ում զերծ են մնացել իրավապաշտպանների գնահատականները մեկնաբանելուց:









































