«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը ուսումնասիրություններ է սկսել պաշտպանության նախարարության որոշ զորամասերում՝ պարզելու, թե փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ով է հրահանգել զինվորներին քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Ընտրություններից հետո «Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ Արմավիրի մարզի որոշ ընտրատեղամասերում զինվորներին հրահանգել են քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին:
Ընդ որում, զորամասերում կատարված ուսումնասիրությունից հետո առանձին զորամասերում ներքին ծառայական քննություն է սկսվել՝ պարզելու, թե Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբից զինվորականներին ով է հրահանգել քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին: Կասկած կա, թե այդպիսով Ս. Սարգսյանի նկատմամբ ինչ-որ դավադրություն է կազմակերպվել: Եվ այժմ իշխանությունները ցանկանում են պարզել, թե շտաբից ով է մասնակցել այդ դավադրությանը, որովհետև զինվորականներին ցուցում կարող էին տալ միայն նրանց ղեկավարները կամ Ս. Սարգսյանի շտաբից, քանի որ զինվորները քվեարկություններին մասնակցում են խիստ վերահսկողության պայմաններում:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր: Շտաբում էին նաև տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Միքայել Մինասյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը և ՀՀԿ Լևոն Յոլյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































