ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին, որը ստացել է Ֆրանցիսկոս անունը, Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Պան Գի Մունը հայտարարել է, որ Հռոմի նոր պապից ակնկալում է միջկրոնական երկխոսության կուրսի շարունակություն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս շնորհավորել է արգենտինացի արքեպիսկոպոսին և ամերիկացի ժողովրդի անունից նրան փոխանցել է «ամենաջերմ ողջյունները»:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները Ֆրանցիսկոսին մաղթել է բարեբեր գործունեություն, որը նա պետք է իրականացնի հանուն արդարության, հավասարության, եղբայրության և խաղաղության:
Շնորհավորելով Հռոմի նոր պապին՝ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն պատրաստակամություն է հայտնել սերտ և հարգալից հարաբերությունների հաստատել Վատիկանի հետ: Նա ընդգծել է այն փաստի կարևորությունը, որը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է Լատինական Ամերիկայի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Եվրոպական միության նախագահ Հերման Վան Ռոմպեյը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Մանուել Բառոզուն ևս շնորհավորել են Ֆրանցիսկոսին և նրան կոչ են արել առաջ տանել խաղաղության և համերաշխության գաղափարը:








































