Հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը ժամանակավորապես կհանվեն շահագործումից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:
Նրա խոսքով, իրենք այդ քայլին դիմել են վարչապետի խնդրանքով:
«Այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ժամանակավորապես դադարեցնել շարժական արագաչափերի գործածությունը: Մենք էլ համաձայնեցինք, որ ժողովրդին շատ չանհանգստացնենք ու ժամանակավոր հետաձգեցինք դրա կիրառումը, հետո կորոշենք` ինչ անել»,-փոխանցեց պարոն Զաքարյանը:
Նա հստակեցրեց, որ շարժական լուսանկարահանող սարքերի կիրառությունը բխում էր կառավարության հետ կնքած պայմանագրից և նպատակ ուներ վերահսկողության տակ պահել վարորդների արագությունը ողջ ընթացքում:
«Շարժական տեսախցիկը պայմանագրով նախատեսված էր տեղադրել, որ վարորդները դանդաղ վարեն մեքենան ոչ միայն արագաչափից առաջ ընկած 100 մետր տարածքը, այլ ամբողջ տարածքը, որպեսզի անվտանգ լինի»,-փոխանցեց Զաքարյանը` նկատելով, որ միևնույն ժամանակ վարորդները չպետք է իմանային, որ տարածքում շարժական արագաչափ սարք կա տեղադրված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































