Fitch վարկանիշային գործակալությունը նախազգուշացնում է Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերի մասին։ «Երկիրը շարունակում է մեծապես կրել Ռուսաստանի տնտեսական անկման ազդեցությունը»,- նախազգուշացրել է Fitch-ը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռուսաստանին Հայաստանի ենթարկված լինելը, որը արտագաղթած հայ աշխատողների դրամական փոխանցումների աղբյուրն է, առանցքային ռիսկ է Հայաստանի տնտեսության համար։
Երկրի տարածաշրջանային լարված դիրքը, ներառյալ եռացող հակամարտությունն Ադրբեջանի հետ, տնտեսության համար նույնպես ռիսկի գործոն են։
«Ռուսաստանին Հայաստանի մեծ ենթարկվածությունը բարձրացնում է աճի հեռանկարների և վճարային հաշվեկշռի ռիսկերն ու որպես արդյունք ազդում վարկանիշի վրա։ Ռուսաստանը Հայաստանի աշխատողների դրամական փոխանցումերի (80 տոկոս, 2014) և արտահանվող եկամուտների (20 տոկոս, 2014) կարևոր աղբյուր է»։
Նշվում է, որ դրամական փոխանցումները, որոնք 2014 թվականին կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 13 տոկոսը և հանդիսանում են մասնավոր սպառման առանցքային շարժիչը, 2015-ի առաջին 5 ամիսներին 40 տոկոսով ընկել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Fitch-ը նաև անհանգստություն է հայտնել Հայաստանի արտաքին ֆինանսների հետ կապված, որոնք ըստ գործակալության ավելի թույլ են, քան «վարկանիշային հասակակիցներինը»։ «Զուտ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ բարձր է (42.6 տոկոս), ընթացիկ հաշվի դեֆիցիտը, պլյուս օտարերկրյա ուղիղ ներդրումները՝ մեծ (-4.6 տոկոս)»։
Այնուհանդերձ Fitch-ը հաստատել է երկրի վարկային վարկանիշը B+ մակարդակի վրա և կանխատեսում է նախկինի համեմատ փոքր-ինչ ավելի բարձր տնտեսական աճ։
2015-ի համար ՀՆԱ կանխատեսումը վերանայվել է՝ 0.5-ից հասցվելով +1.5-ի։ Աճի կանխատեսումը 2016 և 2017 թվականների համար սահմանվել է համապատասխանաբար 2.5 և 2.9 տոկոս։ Աճը հիմնականում կզսպվի թույլ մասնավոր սպառմամբ՝ ընդդեմ փոխանցումների ավելի ցածր միտման։
2015-ին կառավարության աճող դեֆիցիտը արգելակ է տնտեսության համար։ Այն ըստ ամենայնի կկազմի ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։ Լուրջ հրամայական է կառավարության եկամուտների մեծացումը։ Այնուհանդերձ հարկերի բարձրացումն ու այլ նմանատպ միջոցառումներ ըստ ամենայնի կհանգեցնեն ուժգին սոցիալական և քաղաքական մարտահրավերների, ինչպիսիք էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին ցույցերը։
Fitch-ը նախազգուշացնում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը նրա տնտեսության համար խոչընդոտ է հանդիսանում։ «ԼՂ համար լատենտ հակամարտությունն Ադրբեջանի հետ ներառում է լայնամասշտաբ հակամարտության վերածման ռիսկ։ Կարճաժամկետ հեռանկարում որևէ լուծում չի սպասվում»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։










































