Մարդու մասնակցությամբ պատերազմների ժամանակը մոտենում է իր տրամաբանական ավարտին, և գալիս է մեքենաների դարաշրջանը՝ վստահ է տեխնոլոգիաների հարցերով մասնագետ Պատրիկ Թաքերը, որը վերլուծել է ամերիկացի ռազմական փորձագետների հնչեցրած «Մարտավարական ցամաքային մարտերի տեսլականը 2050թ.» զեկույցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ նրանց՝ ապագայում զինված ուժերի կազմակերպման ուղղահայաց սխեման կփոխարինվի մասշտաբային ինքնակազմակերպվող համակարգով, որում մարդիկ ռոբոտների հետ կողք կողքի կլինեն: Միաժամանակ, մարդուն բաժին կհասնի բացառապես պատերազմի գործընթացի դիտորդի դերը, որը կիրականացվի առավելապես սինթետիկ ձևերով կամ մարդկանց հատուկ կիբերնետիկ փոխարինողների մասնակցությամբ, որոնք կմեծացնեն դիմացկունությունը, ինտելեկտը, ֆիզիկական և վերլուծական ունակությունները, նաև ողջ մնալու հավանականությունը և վերականգնման ունակությունը:
Գաղափարի հեղինակների պնդմամբ՝ այդպիսի տեխնոլոգիաները, նաև գերզինվորների ստեղծման գենետիկ փորձերը արդեն ակտիվորեն իրականացվում են՝ նույնիսկ չնայած իրավական և էթիկական արգելքներին:
Միաժամանակ զեկուցողները նշում են մի շարք խոցելիություններ, որոնք անխուսափելիորեն առաջանում են նման նորամուծությունների ներդրման ժամանակ: Հասանելիություն ունենալով սենսորների տվյալներին՝ հակառակորդը կկարողանա վերլուծել ԱՄՆ զորքերի կենսաֆիզիկական ակտիվությունը և հավանաբար ազդել նրանց ուղեղի ակտիվության և որոշումների կայացման վրա:








































