ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 12-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ու ՉՀ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:
Որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ՝ Արամ Մանուկյանը փաստել է եվրաինտեգրման կարևորությունն ու համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում հետընտրական գործընթացներին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին և հատկապես դիտորդական առաքելություններին կոչ է արել ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները:
Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշել է, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների և ընդհանրապես փոփոխությունների միտում:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը փաստել է դրական տեղաշարժերը զանգվածային լրատվության միջոցների ազատության ուղղությամբ, նաև ընդգծել է, որ քաղաքական վիճակը համեմատելի չէ 2008 թ. հետ. այն զգալիորեն բարելավվել է:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձևաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի:









































