Երեկ հայտարարվել է հայտնի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների անունները: «Միջազգային կյանքի լուսաբանում» անվանակարգում մրցանակը ստացել են The New York Times-ի լրագրողներ Քլիֆորդ Լևին և Էլեն Բարին, որոնք ներկայացրել են Ռուսաստանի «դատական համակարգի վերաբերյալ հրապարակումներ»:
Այս անվանակարգում Լևին և Բարին հաղթել են Հաիթիի երկրաշարժի մասին գրած The New York Times-ի իրենց գործընկեր Դեբորա Սոնթագին և The Wall Street Journal-ի մի խումբ լրագրողների, որոնք գրել են Եվրոպայի տնտեսական ճգնաժամի մասին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Հասարակության առաջ ունեցած վաստակի համար» անվանակարգում հաղթել է The Los Angeles Times օրաթերթը, որը հրապարակել է մեծ հոդված Կալիֆոռնիա նահանգի Բել քաղաքում կոռուպցիայի մասին, որից հետո այստեղ տեղի էին ունեցել լուրջ կադրային փոփոխություններ, իսկ քաղաքի ղեկավարությանը սպառնում է երկարատև բանտարկություն:
«Լավագույն հետաքննություն» անվանակարգում հաղթել է Sarasota Herald-Tribune թերթի լրագրող Փեյջ Ջոնը, որը հետաքննել է Ֆլորիդայում անշարժ գույքի շուկայում գրանցված չարաշահումների հարցը: «Լավագույն ազգային ռեպորտաժ» անվանակարգում հաղթել են Ջեսսի Այզինգերը և Ջեյք Բերնշթեյնը՝ ProPublica հրատարակչությունից, որոնք գրել են Ուոլ-Սթրիթում տեղ գտած չարաշահումների մասին: «Լավագույն տեղական ռեպորտաժ» անվանակարգում հաղթել են The Chicago Sun-Times-ի լրագրողները` Չիկագոյում տեղի ունեցող քրեական «ռազբորկաների» մասին հրապարակումով:







































