Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների օգնության հիմնադրամի ստեղծումը, որի բյուջեն կազմելու է 1 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության ու հանքավայրերի հարցերով նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն:
«1 միլիարդ դոլարով հիմնադրամի միջոցներն ուղղվելու են հայրենական ու օտար ընկերություններին, որոնք Իրանում կիրականացնեն գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքներ»,- ասել է Նեմատզադեն։ Նախարարը հավելել է, որ Իրանը մտադիր չէ մասնավորեցնել Իրանական ազգային նավթային ընկերությունը, սակայն մասնավորեցման ենթակա ցուցակում ներառված են նավթաքիմիական ու նավթավերամշակման մի շարք ձեռնարկություններ։










































