Իրանը համաձայն չէ պատժամիջոցները հանելուց 10 տարի անց դրանց հնարավոր վերականգնման հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաքչին, ով իսլամական հանրապետությունն էր ներկայացնում «վեցյակի» հետ բանակցություններում,- հայտնում է Vesti.ru-ն:
Արաքչիի հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երկու օր առաջ ընդունված բանաձևի պատասխանն է: Բանաձևը ենթադրոմ է Իրանի պատժամիջոցների աստիճանաբար վերացում հետագա տասը տարիների ընթացքում:
Ավելի վաղ «վեցյակի» երկրների ներկայացուցիչները դիմել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ հնգամյա «փորձարարական շրջան» մտցնելու առաջարկով, որի ընթացքում Իրանի կողմից պարտավորությունների խախտումը կհանգեցնի պատժամիջոցների վերականգնմանը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը հստակ սահմանում է, որ համաձայնությունը գործողության մեջ կդրվի 10 տարվա ընթացքում, և որ այդ ժամանակահատվածից հետո Իրանի հարցը փակված կլինի,- նշել է Արաքչին և ավելացրել,- եթե ԱՄՆ-ն կամ «վեցյակի» մեկ այլ երկիր 10 տարի անց կամենա պատժամիջոցները վերականգնելու բանաձև առաջարկել, դա կխաթարի Ժնևում ձեռք բերված համաձայնությունը և ընդհանրապես երկրների միջև վստահությունը»:









































