Charlie Hebdo Ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Լորան Սուրիսսոն հայտարարել է, որ պարբերականն այլևս Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներ չի հրապարակի: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
«Մենք մարգարեի ծաղրանկարներն օգտագործում էինք ինքնարտահայտման ազատության սկզբունքները պաշտպանելու համար»,- ասել է Սուրիսսոն: Նրա խոսքով՝ պարբերականի աշխատակիցներն արել են իրենց աշխատանքը՝ պաշտպանել են երգիծական նկարների իրավունքը: Ռիսս կեղծանունով հայտնի նկարիչը նշել է, որ կրոնական թեմայով պատկերների նպատակն իսլամի քննադատությունը չի եղել:
Նկարիչ Լորան Սուրիսսոն, որը տուժել է խմբագրության վրա հարձակման հետևանքով, գլխավոր խմբագիրն է դարձել Ստեֆան Շարբոնյեի փոխարեն, որը զոհվել է իսլամիստների հարձակման հետևանքով:
Charlie Hebdo-ի վրա հարձակումը իրականացվել է հունվարի 7-ին: Զինված երկու մարդ ներխուժել են ամսագրի խմբագրություն և կրակ բացել: Դրա հետևանքով 12 մարդ զոհվել է: Հարձակման մեջ կասկածվում են եղբայրներ Շերիֆ և Սաիդ Քուաշիները: Հատուկ գործողության ընթացքում նրանք ոչնչացվել են:









































