Դատելով հանրային արձագանքներից՝ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում դառնում են օրակարգ, և այստեղ, ըստ էության, մեծ հաշվով նշանակություն չունի, թե ով ինչ դիրքորոշում ունի այդ օրակարգում՝ կո՞ղմ է փոփոխություններին, թե՞ դեմ: Իսկ ներկայումս, կարծեք թե, առանցքային խնդիրը, որ դրված է այս պահին, հարցն օրակարգայնացնելն է: Դրան էապես նպաստեցին հուլիսի 15-ին հրապարակված դրույթները, որոնք լույս սփռեցին կառավարման մոդելի փոփոխության մեխանիզմների վրա, թե ինչպիսին է լինելու և ինչպես է ձևավորվելու խորհրդարանը, նախագահի ընտրությունները ինչպես են կատարվելու, վարչապետը ինչ է անելու և այլն:
Այս դրույթները կլանել են հասարակական ուշադրությունը, և եթե անգամ հնչում են տեսակետներ, որ ըստ այդմ պետք է դեմ քվեարկել վտանգավոր դրույթներին, որ դրանք անհեռանկար են, որ հերթական անգամ ցույց են տալիս, որ այսօր Հայաստանին պետք չեն այդ փոփոխությունները, ապա միևնույն է՝ արդեն այդ տեսակետները թելադրված օրակարգի մաս են, ձևավորվում են օրակարգի տրամաբանությամբ:
Իրադարձություններն այս առումով ունեն զարգացման երեք հարթություն՝ հասարակություն, իշխանություն-քաղաքական ուժեր, ներիշխանական համակարգ: Այս երեք հարթության վրա տեղի են ունենալու խմորումներ, որոնք տարբեր դիրքորոշումներ են կրելու, սակայն տապակվելու են միևնույն թավայում՝ սահմանադրական բարեփոխումների թավայում: Դրանք նախաձեռնած Սերժ Սարգսյանի համար այս պահին կարևոր է «տապակման» պրոցեսը, ոչ թե այն, թե ինչ համ կստացվի վերջում:
Ակնհայտ է, որ հուլիսի 15-ին հրապարակված տեղեկություններով, նախագծի նախնական պատկերով, նա, ըստ էության, խթանել է հենց տապակման պրոցեսը՝ անկասկած, տեղ թողնելով լրացուցիչ հավելագրումների համար, որոնք տեղի կունենան արդեն երեք հարթություններում՝ պրոցեսի ընթացքում:
Սահմանադրական այս ամբողջ գործընթացում Սերժ Սարգսյանը իրականացրել է կաթիլային կառավարում՝ ամեն կաթիլից հետո փորձելով ստուգել արձագանքները: Բաց է թողնվել հերթական կաթիլը, որի արձագանքների հիման վրա էլ կկայացվեն հավանաբար հաջորդ բացթողումների, հաջորդ կաթիլների վերաբերյալ որոշումները՝ ինչ ծավալի բաց թողնել և ինչ ժամանակում: Ըստ էության, Սերժ Սարգսյանն ապահովել է իր ամառային արձակուրդը՝ քաղաքական ուժերին ու հասարակությանը տալով ամառային զբաղմունք:
Ամենաբարդն իհարկե քաղաքական ուժերի վիճակն է, քանի որ նրանց առաջ հստակ դրվել են խորհրդարանական տեղերի սահմանափակումներ, և այստեղ բնականաբար պետք է կողմնորոշվել՝ կազմել միասնական ճակատ ընդդեմ այդ սահմանափակումների՞, թե՞ փորձել պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ:
Մյուս կողմից, քաղաքական դաշտը դեռևս ակնհայտորեն չի մարսել ոչիշխանական բևեռի փետրվարյան կազմաքանդումը, ինչը գործնականում անհնար է դարձնում միասնական ազդեցիկ ճակատի ձևավորումը, առավել ևս եթե նկատի ունենանք, որ մի շարք ուժեր ընդհանրապես բացեիբաց հայտարարում են սահմանադրական բարեփոխումներին մասնակցելու մասին:
Առկա երեք հարթություններում տեղի ունեցող պրոցեսներում ամենաէականն այն է, իհարկե, իշխանությունների համար, որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտ-իշխանություն կոմունիկացիան ավելի ուժեղ է, քան հասարակություն-քաղաքական դաշտ կոմունիկացիան, ինչը միանշանակ աշխատում է իշխանության օգտին՝ թույլ տալով սահմանադրական գործընթացի կաթիլներով հասարակությանը պարտադրել իր օրակարգը, չնայած առկա համակարգային ներքին ու արտաքին խնդիրների ծովի, անգամ օվկիանոսի առկայությանը, որում իշխանությունն ակնհայտորեն լուծումներ չունի և՛ գաղափարական, մտավոր, և՛ ռեսուրսային իմաստով:








































